Ես ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ ԼՂ հարցի վերաբերյալ իմ տեսլականը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախում պատերազմ հրահրող «դավադիրների» մասին։

Վարչապետը պնդեց՝ դավադիրների մասին ինքը բարձրաձայնել է Գորիսում՝ նախընտրական հավաքի ժամանակ։


«Ես ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ ԼՂ հարցի վերաբերյալ իմ տեսլականը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ ԼՂՀ եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն դրա հետ, պարզվել է, որ համաձայն են դրա հետ, եւ երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց են պատկերացնում՝ ինչ քայլերով պետք է գնալ առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա, ֆեյսբուքում գրի Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքն այդ անում։ Ինքն 100 տոկոսով գիտի ի՞նչ է կատարվում»,–նշեց նա։

Փաշինյանը, միաժամանակ, վստահեցնում է՝ նախկինում Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից. «Ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղեկացնել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում։ Ես եմ ԼՂ հարցի պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձանից առաջ։ 5 անգամ հարցրել եմ դուք տեղյակ եղել եք՝ ի՞նչ են պայմանավորվել, իրենց տեղյակ չեն եղել։ Իրենց դրանից հետո գնում են, իրենց օգնականների եւ նույնիսկ իրենց սոցցանցերի էջերում գրում են՝ էս ապազգային իշխանություն է, հակաազգային իշխանություն է, հողերը... հարց է առաջանում՝ ինչի՞ համար են դա անում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ է տեսնում. «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։