Պետերբուրգյան տնտեսական համաժողովին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԵՄ-ի հետ համագործակցությանը վերաբերող հարցին. «Ձեր երկիրը վերջերս պայմանագիր է ստորագրել ԵՄ հետ, որը չի հակասում ԵԱՏՄ հետ անդամակցությանը՝ առայժմ: Սակայն եթե Ձեր երկրի շարժումը դեպի ԵՄ շարունակվի, չե՞ք ակնկալում, որ Բրյուսելը կպահանջի լքել ԵԱՏՄ-ն»:

Ի պատասխան Փաշինյանը պատասխանեց, որ չկա ոչ մի շարժում Եվրոմիության ուղղությամբ, քանի որ Հայաստանը կմնա այնտեղ, որտեղ կա: «Ես արդեն ասել եմ՝ մենք համագործակցում ենք ԵՄ-ի հետ մեր ներքին բարեփոխումների հարցերով: Ես ուզում եմ ընդգծել, որ ԵՄ-ն շատ հետաքրքրված է նրանում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվեն: Ես, իհարկե, շփվում եմ եվրոպացի առաջնորդների հետ և ուզում եմ ասել, որ բոլորն էլ ողջունում են Հայաստանի ձգտումը՝ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա շատ կարևոր հանգամանք է: Մենք թափանցիկ ենք ինչպես մեր ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ գործընկերների հետ: Իհարկե, բացառություն են կազմում անվտանգության թեմայով հարցերը:
Իրոք, շատ առաջնորդներ Եվրոպայում հետաքրքրված են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Սրա վկայությունն է եվրոպացի 2 առաջնորդների ներկայությունն այստեղ: Շատերը հասկացել են, որ աշխարհաքաղաքական խաղերը ոչ մեկին օգուտ չեն տալիս, հատկապես այն ժողովուրդներին ու ազգերին, որոնք դաշտն են դառնում այդ խաղերի: Ուստի Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք պատրաստվում մտնել այդ խաղերի մեջ: Մենք պատրաստվում ենք զարգացնել նորմալ հարաբերություններ ՌԴ-ի հետ, վերջերս էլ այցելեցի Չինաստան: Կարծում եմ, որ ևʹ Ռուսաստանը, ևʹ Չինաստանը, շահագրգռված են համաշխարային կայունությամբ»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ ճի՞շտ հասկացա, որ Հայաստանն իր միանշանակ ընտրությունն է կատարել ԵԱՏՄ-ի օգտին, Փաշինյանը պատասխանեց: «Դե, մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, այսինքն, այս տնտեսական ինտեգրացիոն պրոցեսը միակն է, որին մենք մասնակցում ենք և կշարունակենք մեր մասնակցությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ունենա երկկողմանի հարաբերություններ Չինաստանի հետ, Եվրոմիության հետ: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, տեսեք, մենք ուզում ենք բարեփոխել դատական համակարգը, այն դարձնել եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ չկոռումպացված ու ազատ քաղաքական ազդեցություններից: Հայաստանը կարող է դառնալ կամուրջ մի շարք առումերով՝ ԵՄ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի միջև երկխոսության: Դուք գիտեք, որ ԵԱՏՄ-ն պայմանագիր է կնքել Իրանի հետ ազատ առևտրի, և մենք կարծում ենք, որ Հայաստանն այդ հարցում կխաղա առանցքային դերակատարում»: