Այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երեւան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գ.-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանվել Գ.-ն գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։

Կոտայքի մարզի ոստիկաններին չի հաջողվել բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ Մանվել Գ.-ն ինքնակամ հանձնվի ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի եւ դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Որոշ ժամանակ Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարել Մանվել Գ-ի հետ, որն ի վերջո, ինքնակամ հանձնվել է։

Նա տեղափոխվել է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գ.-ն կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել էր նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ն.-ի, վերջինիս ներկա ամուսնու 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մանվել Գ..-ն ձեռքին եղած 2 նռնակները նետել էր նրանց ուղղությամբ: Տանը այդ պահին եղել են նաեւ 20-ամյա Անահիտ Ն.-ն եւ 1-ամյա Ալեն Գ.-ն:

Պայթյունի հետեւանքով 4 անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Իշխան Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: