Araratnews.am-ը շարունակում է հետեւել «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի համաձայն պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 2015 թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

Տեղեկացնենք, որ սույն դատական գործը քննվում է երկու մասով՝ Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող բժիշկներ Արամ Գրիգորյանի ու Տիգրան Սարգսյանի գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշի նստավայրում: Իսկ Մերի Մարգարյանի անմիջական բժիշկներ Շուշանիկ Բախշյանի ու Անի Բաբելյանի գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը

Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թ-ի մայիսի 30-ին ժամը՝ 16:30-ին, դատախազ Արթուր Սմբատյանը մեղադրական ճառն է ընթերցել դատարանում, սակայն տուժող կողմին դատական նիստի օրն ու ժամը չեն ծանուցել: Սա այն դեպքում, երբ բոլոր դատական նիստերին տուժող կողմը բարեխղճորեն մասնակցել է:

Մի քանի օր համառորեն փորձել ենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի հետ կապ հաստատել, սակայն ապարդյուն: Դատարանի քաղաքային հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը տեղեկացրեց՝ դատավորը չի կարող լրագրողների հետ խոսել, հարցը պետք է ուղարկել գրավոր:

«Դատալեքսում» եւս որեւ տեղեկատվության այդ օրվա դատական նիստի մասին, բացի նիստի օրվանից ու ժամից, չկա:

Մերի Մարգարյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սմբատյանն էլ մեզ հետ զրույցում ոչ մի բան չասաց, հորդորեց դիմել դատարան:

Araratnews.am-ի տեղեկություններով՝ դատախազը Մերի Մարգարյանի մահվան գործով պահանջել է բժիշկ Տիգրան Սարգսյանին ազատազրկել 4 տարով համաներման կիրառմամբ, 3 տարի զրկել բժշկական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից, Արամ Գրիգորյանին ազատազրկել 3.5 տարի դարձյալ համաներման կիրառմամվ եւ 3 տարի զրկել բժշկական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից:

Վերոնշյալ երկու բժիշկների անջատված մասի դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 13-ին՝ ժամը 16:00-ին:

Հ.Գ. Մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժիշկ Շուշանիկ Բախշյանի փեսան՝ Սերգեյ Մեղրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ է: Տուժող կողմի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը մեզ հետ զրույցում այսօր վերահաստատեց իր մտավախությունը՝ Մեղրյանը փորձում է գործի քննությունը զոքանչի համար բարենպաստ ուղղությամբ տանել: Փորձեցինք նաև պարզաբանում լսել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանից, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր:

Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանի նախագահությամբ 2018 թ-ից նշանակվել է դատաբժշկական կրկնակի փորձաքննություն, քանի որ դատաքննության ժամանակ, ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրանքի կողմերը կարծիքներ են հայտնել հիշյալ փորձագիտական եզրակացության վերաբերյալ` կասկածի տակ դնելով, թե դրա հիմնավորվածությունը, թե փորձաքննության կատարման դատավարական կանոնների խախտումը և թե փորձագետների անկողմնակալությունը:
Դատարանը, վերլուծելով դատաքննության և դատական վիճաբանությունները, կողմերի արտահայտված դիրքորոշումները, արձանագրում է՝ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով հիմք է կրկնակի փորձաքննություն կատարելու համար:

 Նյութի աղբյուրը՝ araratnews.am