«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ գնահատականն Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ.

Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հավատարիմ մնացին իրենց հռչակած սկզբունքներին և Հայաստանում ընտրությունները չկեղծվեցին՝ նույնիսկ իշխանության թեկնածուի պարտության դեպքում: Սա ընդունում են բոլոր քաղաքական ուժերը, ինչը նշանակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և դա աներկբա է:

Փաստ 2. Աբովյան քաղաքում ձայների տարբերությունը կազմում էր մոտ 380: Սա նշանակում է, որ մարդկանց մոտ փոխվում է մտածելակերպը, հետևաբար՝ պայքարը դեռ նոր է սկսվում. մենք պետք է ապացուցենք, որ այլևս Աբովյան քաղաքում ապօրինի հողեր չեն վաճառվելու, չեն լինելու ապօրինի հատկացումներ, իսկ եթե նախկինում կատարվել են արարքներ, որոնց մեջ առկա է հանցակազմ, այդ անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության և դրանում էլ ոչ ոք չի կասկածում:

Փաստ 3. Նախընտրական փուլում բացահայտվեցին Աբովյանի քաղաքապետարանի նախկինում թույլ տված ապօրինությունները, ինչի արդյունքում ապօրինություն թույլ տված անձինք, իրենց մտերիմները ձայնը տվեցին «տեր կանգնողներին»: Այս մեսիջը ուղարկեցին նախկին քաղաքապետի թիմակիցներն՝ ընտրության օրը: Ես համոզված եմ, եթե մեր թիմը հայտարարեր, որ ներելու է այդ ապօրինությունները, պատկերը լրիվ այլ կլիներ, սակայն մենք չգնացինք ամեն գնով հաղթանակ ձեռք բերելուն: Եթե այս արդյունքներն հայտնի լինեին, միևնույն է ես կասեի, որ այս ճանապարհը ճիշտ է, այն երկար է, բայց միակն է, քանի որ չի կարող այլ ճանապարհ լինել որպեսզի մեր Երեխաներն ապրեն ազատ, անկախ և ժողովրդավարական Հայատանում, ՈՒստի Կեցցե՜ Հայաստանը, Կեցցե՜ իմ Աբովյանցին և Կեցցե՜ն մեր երեխաները, որոնց համար մենք պարտավոր ենք հետայսու պահպանել բոլոր արժեքները, որոնք ձեռք ենք բերել Հեղափոխության ժամանակ»: