Պարզվել է հունիսի 8-ին, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մասիսի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածների եւ վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Subaru Legacy-ն վարել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Կարապետյանը, ով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Կարապետյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ВАЗ 2103-ին։


Վթարի հետեւանքով Վահան Կարապետյանին, վերջինիս ուղեւորներ՝ Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Անդրեասյանին, 33-ամյա Արթուր Անդրասյանին եւ վարորդ Ա. Կարապետյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ Վ. Կարապետյանը, Ա. Կարապետյանը, իսկ հաջորդ օրը Ա. Անդրեասյանը գիտակցության չգալով՝ մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ВАЗ 2103-ի վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդները, ըստ ականատեսների, օգնություն ցուցաբերելիս են եղել քաղաքացիներին, եւ երբ վերադարձել են ու նստել ավտոմեքենաները, տեղի է ունեցել ավտովթարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել էին ВАЗ 2103 մակնիշի 26 ՏՍ 145 համարանիշի, Opel Vectra մակնիշի 34 TQ 901 համարանիշի եւ Subaru մակնիշի 35 PC 740 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 5 հոգու տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։