ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին  հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել։

Aysor.am-ն էլ հղում կատարելով իր աղբյուրներին գրել է, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ի գիշերը Աբովյանում հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու համար։

Սարիբեկյանը ճանաչվել է գործով տուժող: