Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի դահլիճ այլ մուտքից մտնելու հարցին։

«Մենք տեղեկություն ունենք, որ արդեն երկու դատական նիստ է, Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ է մտնում փակ մուտքով: Պարզաբանում եմ ակնկալում, թե դա ինչի հիման վրա և ինչ նկատառումներից ելնելով է կատարվում: Կարծում եմ, դա չի ենթադրում շփում՝ գործը քննող դատավորի հետ»,- ասաց դատախազը։

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանն ի պատասխան նշեց, որ որևէ շփում չի եղել Քոչարյանի հետ։

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ ասաց, որ ՀՀ բոլոր նախագահները համապատասխան օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որի պայմաններում տեղաշարժվում են անվտանգության ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում նաև դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։

«Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացում դատարանի կողմնակալության մասով, խնդրեմ միանա մեր ինքնաբացարկին»,- ընդգծեց Օրբելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին:

Այսօր արդեն ինքնաբացարկի միջնորդությանը միացավ Յուրի Խաչատուրովի պաշտպանը։