Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ 2008 թվականի Մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին եւ ընդդիմությանը ճնշելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ թղթի հեղինակը օտար երկրներից ժամանած մասնագետների խումբն է, որը խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի իշխանությունների համար։

Օտարերկրյա մասնագետների խմբի մի մասը, որոշ տեղեկություններով, 2008 թվականի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում։ Մեզ չհաջողվեց պարզել, թե քանի՞ հոգանոց է եղել խումբը, արդյո՞ք նրա անդամները միայն կառավարությունում են տեղակայված եղել, թե այլ կառույցներում եւս։ Չհաջողվեց պարզել նաեւ, թե արդյո՞ք խորհրդատվական ինստրուկցիայի մեջ սպանություններ իրականացնելու տեխնիկային եւ անհրաժեշտությանը առնչվող որեւէ բան գրած է եղել։

Մեզ չհաջողվեց նաեւ պաշտոնական հաստատում ստանալ, որ Մարտի 1-ի քրեական գործին նման փաստաթուղթ կցված է։

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com