ՀՀԿ գործկոմը հայտարարություն է տարածել դատարանի նախագահի պարտականությունը ստանձնելու վերաբերյալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աղմուկ հանած հայտարարության կապակցությամբ: ՀՀԿ գործկոմը հայտարարության մեջ բերել է մի շարք փաստարկներ՝ առ այն, որ Վահե Գրիգորյանի քայլը հակասահմանադրական է և, դեռևս, մայիսին հակասահմանադրական գործողությամբ կատարված հեղափոխության շարունակություն: Այն, որ ՀՀԿ-ն իրավիճակին տալու էր հենց այդպիսի գնահատականը, որևէ մեկի համար գաղտնիք կամ անսպասելի լինել, իհարկե, չէր կարող: Այստեղ հետաքրքիր է ինքնին գնահատականի փաստը, քանի որ Հանրապետականը թավշյա հեղափոխությունից հետո ոչ բոլոր, այսպես ասած, հանգուցային իրադարձություններին և իրավիճակների է տալիս կուսակցական պաշտոնական արձագանք, այն էլ մանրամասն իրավական հղումներով և հիմնավորման փորձերով:

Խնդիրը տվյալ դեպքում, սակայն, այն է, որ Վահե Գրիգորյանն իր հայտարարությունը փորձել է հիմնավորել հենց այն Սահմանադրությամբ, որ իր ձեռքով ընդունել է կամ անցկացրել է ՀՀԿ-ն: Այլ կերպ ասած, ՀՀԿ ականը պայթել է, բայց այն պայթել է ոչ թե նոր իշխանության ձեռքում կամ ոտքի տակ, այլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, որի հետ, ի դեպ, նախօրեին հանդիպել էր ՌԴ դեսպանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունից ժամեր առաջ: Այդ համատեքստում, ՀՀԿ գործկոմի հայտարարությունը թերևս ուղղված է ավելի շուտ Ռուսաստանի դեսպանին, որը Հրայր Թովմասյանի հետ հանդիպումից հետո հայտնվել է բավականին անհարմար վիճակում: Նա հանդիպել է ՍԴ նախագահի հետ, սակայն մի քանի ժամ անց կառավարող մեծամասնության հավանությունն ունեցող ՍԴ դատավորը հայտարարել է, որ ինքն է դատարանի նախագահը, և հղում արել ՀՀԿ մեծամասնության հավանությամբ ընդունված Սահմանադրությանը:

Ինչ է խոսել Հրայր Թովմասյանը ՌԴ դեսպանի հետ, պարզ չէ, սակայն դեսպանը հայտնվել է իսկապես անհարմար վիճակում: Իհարկե, դրա համար պատասխանատու է հենց ինքը, որ նախաձեռնել է հանդիպումը և այս փուլում, երբ տեղի է ունենում տրանսֆորմացիայի նոր ալիք, ինչ-որ հարցեր է քննարկում Թովմասյանի հետ: Մյուս կողմից, սակայն, դեսպանի հետ հանդիպմանն էլ Հրայր Թովմասյանն է գուցե արել հայտարարություններ, կամ դեսպանին ասել բաներ, տվել հավաստիացումներ, որոնք, սակայն, մի քանի ժամ անց իրավիճակի քաղաքական փոփոխության արդյունքում ստացել են բոլորովին այլ համատեքստ և ենթադրում են դեսպանի առաջ որոշակի պատասխանատվություն: Խոշոր հաշվով, ՀՀԿ գործկոմի հայտարարությունը անուղղակիորեն այդ մասին է: Հրայր Թովմասյանի հետ հանդիպած ՌԴ դեսպանին ՀՀԿ գործկոմը հայտնում է, որ ոչ մի պատասխանատվություն չի կրում իրավիճակի այդ արագ փոփոխության համար և, թերևս, որևէ պատասխանատվություն չի կրում դեսպանի հետ Հրայր Թովմասյանի որևէ խոսքի համար: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն Հրայր Թովմասյանին «հանձնեց» ՌԴ դեսպանին:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am