Անցյալ տարի նկատելիորեն նվազել է Ուկրաինայից Ռուսաստան միգրանտների հոսքը, իսկ ահա Թուրքմենստանից աճել է: Այս մասին նշված է ՆԱՖԻ Վերլուծական կենտրոնի հաշվետվության մեջ, որը պատրաստվել է «Ռոսստատի» տվյալների հիման վրա, փոխանցում է RG-ն:

Անցյալ տարի երկիր է ժամանել ընդհանուր ավելի քան 565 հազար միգրանտ, որի 90 տոկոսը եկել է ԱՊՀ երկրներից:


Ինչպես նախկինում, միգրանտների թվով առաջատարը Ուկրաինան է: Յուրաքանչյուր չորրորդ եկվորը (24 տոկոսը) այնտեղից է: Ընդ որում՝ այս երկրից մարդկանց հոսքը անցյալ տարի 8,3 տոկոսով կրճատվել է:

Երկրորդ տեղը գրավում է Ղազախստանը՝ 72,1 հազար մարդ, աճը՝ 0,6 տոկոս: Հաջորդում է Տաջիկաստանը՝ 67,9 հազար մարդ (+7 տոկոս):

Չորրորդ եւ հինգերորդ տեղերում են Ուզբեկստանը եւ Հայաստանը, որտեղից եկել է համապատասխանաբար՝ 55,3 եւ 48,4 հազար մարդ: Նվազումը առաջինի դեպքում կազմել է 13,6 տոկոս, երկրորդի՝ 0,97 տոկոս:

Տոկոսային արտահայտությամբ ամենից ավելի աճել է Թուրքմենստանից Ռուսաստան հոսքը՝ 20,3 տոկոս: Իսկ ահա բացարձակ թվերով այնտեղից միգրանտների հոսքը մեծ չէ՝ ամբողջ անցյալ տարում 10,5 հազար մարդ: