Սպասվածի համաձայն Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն աչքի ընկավ խեղաթյուրված շարահյուսություններով և բառակապակցություններով, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գռեհիկ շեշտադրումներով:

Այնուամենայնիվ, ուղակի չեմ կարող չանդրադառնալ մեղադրյալ Քոչարյանի հնչեցրած «փայլուն» գաղափարախոսությանը, որը վերաբերվում է նախկին իշխանությունների նկատմամբ իր կողմից հաշվեհարդար չտեսնելուն և անցյալի վրա չկենտրոնանալուն:

Հարցին, թե ինչու ժամանակին քաղաքական գնահատական չտվեց ՀՀՇ-ին և առաջին նախագահին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ ««Բռնենք պատերին ծեփենք, ասֆալտին փռենք» ցանկություն եղել է շատերի մոտ, բայց պետք է երկրի առջև հրատապ խնդիրների լուծմամբ զբաղվես և ոչ թե գնաս անցյալ։ Այն հաջողությունները, որոնք գրանցել ենք ենք տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե խրվեինք անցյալում։ Երբ ՀՆԱ-ն 1․8 միլիարդ դոլար պարտք է, ինչի՞ դեմ պայքարես։ Ողջ եռանդդ պետք է ուղղես երկիր կառուցելուն»։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ չի փոշմանել իր այդ քայլի համար։

Նախ նշեմ, որ 1997 թվականի մարտին Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվել էր ՀՀ վարչապետ: Ու փաստորեն, Քոչարյանը մաս էր կազմում ՀՀ առաջին նախագահի իշխանության: Ավելին, լինելով Ղարաբաղի նախագահ Քոչարյանը տարիներ շարունակ Արցախը շենացրել և ծաղկացրել է Տեր-Պետրոսյանի իշխանության միջոցներով:

Ինչ վերաբերվում է քաղաքական գնահատական չտալուն․ Քոչարյանի նախագահ դառնալուց մեկ տարի անց տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն այլևս չկային և Քոչարյանը երկնիշ տնտեսական աճ էր գրանցում: Հոկտեմբերի 27-ից ստացված «պրեմիայո՞վ» էր Հյուսիսային Պողոտան կառուցում, թե՞ Դեմիրճյանի և Սարգսյանի մահվանից հետո երկրի ունեցվածքը ծախելու փողերով: