Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում: Կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հունիսի 27-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը:

Նախատեսվում է նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը, ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլրդ դրամ:

Ներկայում Հայաստանում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է կատարվում մինչև 7 տարեկանների համար: