Այսօր՝ հունիսի 27-ին, Շիրակի մարզում կրկին ուժգին կարկտահարություն է գրանցվել, ինչի հետևանքով տուժել են մարզի Ամասիայի և Ախուրյանի գյուղական համայնքները: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։ Շուրջ 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Շիրակի մարզպետարանի հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ կկատարի այս համայնքներում, սակայն, մինչ այդ, տուժած գյուղեր այցելած մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցրել է՝ տուժած գյուղերից շատերի վնասը մեծ է:

«Շիրակում վնասը շատ մեծ է առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանանք ասել ուսումնասիրությունից հետո: Նախորդ կարկտահարության վնասի ամբողջական պատկեր դեռ չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս է գրանցվել: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են Սարատակ, Հոռոմ, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել»,– ասել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ սա հունիս ամսվա ընթացքում կարկտահարության երրորդ դեպքն է Շիրակում: Միայն հունիսի 4-ին գրանցված կարկտահարության ժամանակ տուժել էր 2060 հա տարածք՝ պատճառելով 560 մլն դրամի վնաս: