ՀՀ գլխավոր դատախազությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի մեջ մեղադրվող Հնդկաստանի չորս քաղաքացիների վերաբերյալ գործը։ NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ չորս մեղադրյալների նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ըստ մեղադրանքի՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Մանպրիտ Սինգհին, Ռանդիռ Սինգհ Սանդուի, Նարինդեռ Սինգհի և Ջուգրաջ Սինգհի հետ միասին, նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի կազմում 2018թ. նոյեմբերի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի վարչական տարածքում տեղակայված, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Ջանֆիդա» սահմանապահ ուղեկալի տեղամասերի հատվածում, հաղթահարելով ինժեներատեխնիկական կառույցները, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել են ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի Հանրապետության տարածք։ Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ սահմանային էլեկտրաազդանանշանային համալիրի գործարկվելուց հետո հանցակիցները բռնվել են սահմանապահ ուղեկալի զինծառայողների կողմից:


Չորս քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը։

Նախաքննության տվյալների համաձայն՝ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան էին եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:

Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին։