Երեւանի 20-ամյա ճարտարապետական մղձավանջը դեռ մինչեւ վերջերս նկարագրում էին ահեղ դատաստանի երանգներով: Փրկարար թավշի բերած «բաց կապույտը», սակայն, հուշում է, որ խնդիրը անշրջելի քարերը չեն, այլ ուղեղների կարծրացումը

Ալեքսանդր Թամանյանին իր դագաղում տասը տակ պտտած Հյուսիսային պողոտան, Արամի, Փավստոս Բյուզանդի, կենտրոնի ուրիշ փողոցների զարմանահրաշ կառույցները, Սեւան հյուրանոցի տեղում ԱԳՆ կոթողը, մեզ կապտավուն Նուր-Սուլթան ձրի տեղափոխող հարյուրավոր շենքեր, իրոք, ահեղ դատաստանի պատկեր են հիշեցնում: Մշակութային համընդհանուր ամնեզիայի նույն դրսեւորումն է Ակադեմիայի սեւ շենքի ոչնչացումը եւ նրբագեղ Կաթողիկե եկեղեցու կողքին կիկլոպյան գռեհկության խոյացումը, ինչը հավասարազոր է նաեւ Կաթողիկեի ոչնչացմանը:

Այսպես բոլշեւիկյան բարբարոսությունից փրկված Կաթողիկեն կուլ գնաց անկախ-հայկական բարբարոսությանը: Ազգին համակած մշակութային ջարդարարության առավել ցայտուն այս օրինակը մատնացույց է անում ուղեղային բեկումի առաջացման մոտավոր տիրույթը. 1920-ից մինչեւ 1991-ը: Բեկումի պահը պատերազմն էր՝ իր «հաղթական» 1945-ով: II Աշխարհամարտից հետո ծնված հայ սերունդների մշակութային ամնեզիան 330,000 հայ տղամարդկանց նահատակության հետեւանքն է: Ավելացնենք նաեւ նվազագույնը 1.5 միլիոնի, իրականում կրկնապատիկի կորուստը, որի մշակութային հետեւանքը, սակայն, II Աշխարհամարտի նախաշեմին դեռեւս մասնակի շտկելի էր:

II Աշխարհամարտին հայերին պատահածը՝ սերունդների մշակութային եւ բարոյական կապի գրեթե լիակատար խզման իմաստով, ինչպես կասեն երիտասարդները, «վերջն» էր: Ամենայն հավանականությամբ դա Մոլոտով-Ռիբբենտրոպ պակտի նախատիպ՝ Լենին-Աթաթուրք 1921թ. պայմանագրի գաղտնի արձանագրությունների հետեւանք էր: Հայերի կոտորածը ֆրոնտներում համեմատելի է լեհական բանակի սպայակազմը 1940 թվականին Սմոլենսկում եւ այլուր ոչնչացնելու հետ:

Կոտորածը, ըստ երեւույթին, պիտի հատուցեր թուրքերի ռազմական չմիջամտությունը սովետական Կովկասում [1], որը հարավից պաշտպանվեց փոքրաքանակ եւ թեթեւ սպառազինված ՆԿՎԴ սահմանապահ ջոկատներով ընդամենը: Նշենք քարթվելների եւ 1938-ին պաշտոնապես մերձկասպյան թյուրքից «ազերբայդժանեց» դարձածների կորուստները. 80 եւ 60 հազար համապատասխանաբար:

Պատմական տեղեկանքը անհրաժեշտ է 2019-ին Երեւանի փողոցներում ողջ հասակով հառնած եւ դեսուդեն կապույտ պատուհաններով պսպղացող մշակութային աղետի ողբերգական ակունքները, դրանց մասշտաբը եւ խորությունը պատկերացնելու համար: Ինչեւէ, մշակութային ուրացումը արգելակման կարիք ունի: Սա հենց նոր սերնդի անելիքն է: Նրանցից բացի դա, ինչպես ցույց է տալիս միջինսերնդականների գորշուկ «թավիշը», ոչ ոք չի անելու: Մշակութային հեղափոխությունը ջահելները իրենք են իրականացնելու, ինքնուրույն, առանց քաղաքական ավելի քան կասկածելի հենակների:

ՀՀ առաջին նախագահի օրոք Երեւանի, այլ քաղաքների բնակչությանը հուժկու ժողովրդագրական հարված հասցվեց: Գյուղական շրջաններից քաղաքաբնակներին փոխարինելու եկածներին, սակայն, շինարարական բումի հիմնական շահառուները հասցեագրեցին ավելի մեծ՝ մշակութային հարված: Հիմնականում ոչնչացվեց նախահեղափոխական (1917 թվականի – խմբ.) եւ նախապատերազմյան սերունդների՝ 1915-1923-ի աղետի վրայով դեպի ապագան նետած ճարտարապետական, քաղաքաշինական, քաղաքակրթական «Երեւան» անունը կրող կամուրջը: Դա արվեց նորաբնակների աչքի առջեւ, «այսուհետեւ սա է ձեզ հարազատը եւ իսկական հայկականը» խորագրի ներքո:

Ոչնչացումը շարունակվում է: Քաղաք բառը, դրա իմաստը եւ խորհուրդը Բոսֆորից մինչեւ Հորմոզ ընկած հսկայական տարածքի վրա իր ուսերի վրա պահած ազգը խանդավառ եւ հետեւողական կերպով իջեցվում է խաշնարածների մակարդակի: «Հների» էսթետիկական դրսեւորումները տգեղ, այդուհանդերձ, հասկանալի ակունքներ ունեին: Դրանք էկլեկտիկ, այսպես կոչված «բաքվի» ճարտարապետության վատագույն կրկնօրինակումներն էին, որ հայ ճարտարապետության ավանդույթի հետ, բնականաբար, ոչ մի առնչություն չունեին:

«Նոր» գռեհկությունը, սակայն, զուրկ է նույնիսկ այդպիսի, օտար, բայց քաղաքակերպ պրոտոտիպների հետ աղերսներից: էսթետիկ տեսակետից այն անհող-անծնունդ է, կոսմոպոլիտ եւ ծայրահեղ ցածր մշակված: Մաեստրո Մանսուրյանի հոբելյանին նվիրված միջոցառման նման պաշտոնական ձեռնարկումները թույլ մխիթարանք են: Առօրյա իրողությունը այլ է:

Երբ իրիկնային, հնի հետքերը դեռ պահպանող Երեւանի օդում թանձրանում է հարավային խավարը, իր կրակներն է վառում «միանգամայն նոր» Երեւանը: Սկսվում է անհայտ ազգի, անհայտ մի մշակույթի լուսային խրախճանքը: Սերունդների թողած ճարտարապետությունը դառնում է բարբարոս կամ քոչվոր ինչ-որ ցեղի ինքնադրսեւորման բեմ: Ճչացող, ոսկեփայլ լուսավորության միջոցով այլանդակվում է այն, ինչ չի հաջողվել այլանդակել քարի կամ բաց կապույտ ապակու միջոցով:

Հանրապետության Հրապարակի անսամբլը, Երեւանի բոլոր քիչ թե շատ ուշադրության արժանի շինությունները վերածվում են պսպղուն «քրդի դեյրայի», «բոշու փեշի» ու աստված գիտե էլ ինչի: Որպեսզի չխամրի բաց կապույտ պատուհանների ցերեկային հմայքը, bleu turquoise կամ պարզապես «թուրքի կապույտ» են թքում մայրաքաղաքի նորոգ շատրվանները:

Գունային բաժանումով երկու մասի է տրոհված մեծն Թամանյանի գլուխգործոց, նեոկլասիցիզմի համաշխարհային նմուշ Օպերայի թատրոնի մոնոխրոմ բազալտը: Ստորին, ճեմասրահի բաժինը ավանդական դարձած ոսկեզոծ «դեյրան» է: Վերին, բեմական տուփի բաժինը, որ իրենից «հայկական պատի» նշանավոր հարթություն է ներկայացնում, լուսավորությամբ ներկված է արդեն բոլորի սիրելի «թուրքի գույնով»: Քարուքանդ, բռնաբարված Օպերան պսակում է Հյուսիսային պողոտայի անհեթեթությանը: Պողոտայում հնչող կլարնետի անմեկնելի ելեւէջների ներքո տեսարանն առավել տպավորիչ է:

Հարեւանությամբ է Երկանյանի եւ Քոչարի Մոսկվա կինոթատրոնի փայլուն մոդեռնը, որ խորհրդային շրջանի ճարտարապետության հռչակավոր նմուշ է: Ճակատի լուսավորությամբ այն մասնատված է իսկ օդային լուսաշղթաներով կից հրապարակի անբաժանելի ծավալից կտրված եւ ջախջախված:

Հաղթանակի կամրջից Երեւանի մուտքը հսկում են մեծն Իսրայելյանի գինու կոմբինատի մոնումենտալ պարիսպները: Դարերի հեռավորությունից նշանավոր «կալան» հիշեցնող շինությունը հիմա անտեղի լուսավորությամբ դարձյալ աղճատված, խզբզած է, կորցրել է միակուռ ծանրությունը: Շինությունը ծածկած է հսկայական մի գովազդային վահանով եւ ծառերով: Մենք զրկվել ենք զուսպ հայկական իր շուքով՝ յուրաքանչյուր քաղաք մտնողին զգաստացնող հոյակերտ դարպասից:

Ասում են, օրերս կապտավուն երանգը թափանցել է արդեն մայրաքաղաքի սիրտը՝ Հանրապետության Հրապարակ: Հարավից հրապարակին հարող Էրեբունի-2750 ծառուղու շատրվանների հիմքը ամբողջ երկայնքով խնամքով ներկվել է ճչացող, տեղին է ասել, զռացող թուրքի կապույտով: Ըստ երեւույթին, ապահովված է ներդաշնակությունը հրապարակի շինությունների դեյրա լուսավորության հետ: Թուրքի գույնը ներդաշնակ է նաեւ Նորքի բարձունքից շողշողացող եւ հավանաբար ռուսական «գլուբինկայի» դիսկոտեկան մարմնավորող հեռատեսիլի աշտարակի հետ:

Այս ավերածությունների հեղինակ ցեղը ոչ եզդի է, ոչ էլ բոշա, որոնք մեր համեմատությունից նեղվելու առիթ ունեն, անշուշտ: Ներող կլինեն: Ոչ, բարբարոսների ու վանդալների մեր ցեղը հայ է կոչվում: Ինչպես համոզվում էնք, հայտնի պատճառներով արդեն իսկ 30-70-ական թվականների հետ առկա է գրեթե անհաղթահարելի խզում: Խոսել ավելի վաղ շրջանների հայ մշակութային կապի մասին չափազանց դժվար է: Չենք ուզում ենթադրել, թե դա այլեւս թանգարանային աշխատողների մենաշնորհն է: Գյումրիում դեռեւս պահպանված «հայրաքաղաքային», ընդհանրապես՝ քաղաքային կուլտուրայի նշանները կարիք ունեն խնամքի եւ բազմացման: Մայրաքաղաքի համար էլ դեռ մարտ է տրվելու՝ ջահելությունը վկա:

Այդուհանդերձ, մնում է մի առեղծված: Երեւանի սիրտը բաց կապույտով ներկողը ինչու պիտի վարանի, ինչու չներկի եւս մեկ կոթող: Դատելով Արամ Մանուկյանի գունազարդ արձանից, ճաշակը խոչընդոտ չպիտի հանդիսանա: Մարկ Գրիգորյանի Մատենադարանի բազալտը եւս կարոտ է գունազարդման՝ եթե ոչ ծիածանի, կամ թուրքի, ապա գոնե եռագույնի երանգներով: Օպերայի հաջողված օրինակը աչքի առաջ է. հորիզոնական լուսային երեք շերտերը էլեկտրական անջատիչի մեկ շարժումով հուսալիորեն կոչնչացնեն մեծ ճարտարապետի ուղղաձիգ մտահղացումը: Կառավարական տան սփրթնած ժամացույցը հաստատապես ծարավ է բաց կապույտի: Դուխո՛վ, պարոն գլխավոր ճարտարապետ, ինչ-որ բան հուշում է, որ Ձեզ կաջակցեն:

*) անգլ. սպանիչ կապույտ, Venus երգով հայտնի՝ հոլանդական խմբի անվանումը – խմբ.

Նյութի աղբյուրը՝ Lragir.am