Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա Օշականում Նահապետ Եդեսացի կաթողիկոսի կողմից 1691-1706 թթ. կառուցված հնամենի կամուրջն է, որի տակ հիմա «շուստրիները» ահա այս լողավազանն են տեղադրել և հատուկ պահպանության տակ գտնվող պատմական միջավայրը վերածել ժամանցի վայրի: Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է այս հրեշավոր «գլուխգործոցի» հեղինակը: Մնում էր միայն, որ «ազատ ու պարապ» մնացած կամրջի երկու կամարների տակ էլ հանդեձարաններ ու բիոզուգարաններ տեղադրեին՝ և դրանով ողջ պատկերը միանգամայն կամբողջացվեր:
Լավ է, որ արձագանքը չուշացավ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն անհապաղ ապամոնտաժելու համար: Ասվում է, որ այն տեղադրվել է առանց լիազոր մարմնի թույլտվության և ամբողջովին խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը»: