NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել 2018թ. օգոստոսի 28–ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա հարձակման կադրերը։ Առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններից երևում է, որ առանձնատուն են մտնում ինքնաձիգերով զինված և դիմակավորված երեք անձ։

Ըստ գործի նյութերի՝ առանձնատուն մուտք գործած տղամարդիկ Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանն են։

Կադրերից երևում է, որ առանձնատան սեփականատեր Արման Մկրտումյանը և նրա որդին՝ Գոռ Մկրտումյանը դուրս են գալիս առանձնատան բակ և փորձում վնասազերծել հարձակվողներին։

Համաձայն գործի նյութերի՝ Գոռ Մկրտումյանը «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ապա ծեծկռտուք է սկսվել վերջիններիս միջև։ Հայր և որդի Մկրտումյաններին հաջողվում է վնասազերծել Ռիժենկոյին, իսկ մյուսներին հաջողվում է դիմել փախուստի։

Նշենք, որ Մկրտումյանի տան վրա հարձակման գործը ներկայումս քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ՝ Գագիկ Դանոյանը, նրա ընկերը՝ Հովհաննես Ռիժենկոն եւ դստեր ամուսինը՝ Մայիս Մկրտչյանը։ Երեքի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։