Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վիետնամում է: Նա այսօր՝ հուլիսի հուլիսի 5-ի առավոտյան ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելել Հո Շի Մինի դամբարան:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Գրականության տաճար, որն ունի հազար տարվա պատմություն: Այս համալիրը ծառայել է որպես յուրատեսակ համալսարան:


Նշենք, որ Վիետնամ այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն: