Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:

Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:

Ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին հուլիսի 8-ին տեղափոխել են Հայաստան: Տուժածներից մեկը շարունակում է մնալ Վրաստանում: