Ոչ մի գյուղացու մտքով չի էլ անցնում, որ իր կովի սատկելը ներկայացնի այնպես, որ պետությունից փոխհատուցում ստանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի համայնքապետ Տարոն Քոչարյանը։

Կարճաղբյուր համայնքի ղեկավարը չի հիշում այնպիսի դեպք, որ կենդանիների անկման համար պետությունը փոխհատուցում տրամադրած լինի։


Նա կենդանիների՝ լճի մոտ հայտնվելը բացատրում է այնտեղ արածելով. «Անասուններն ամբողջ սեզոնին լճի մոտ են արածում, անկման դեպքեր լինում են, բայց մասսայական հենց այդ օրն են թունավորվել։ Իսկ դա նշանակում է, որ արոտավայրից կարող է լինել»,– նշեց նա։

Համայնքապետը նաեւ հակված չէ մտածել, թե կենդանիների անկումը Սեւանի ջրից է եղել. «Չէ, առվույտից կարա լինի։ Հիմա լաբորատորիայում փորձաքննություն է իրականացվում, վաղը երեւի կասեն փորձաքննության արդյունքները»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շրջակա միջավայրի նախարարը նշել էր, թե գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել, որպեսզի կենդանիներին մոտեցնեն լճին ու տեղեկացնեն, որ դա ջրից է եղել` նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում։