Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կայացավ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կինոյի մասնագիտացված ընկերություններն իրենց կողմից սահմանված մրցանակները հանձնեցին փառատոնի մասնակից ֆիլմերին եւ ռեժիսորներին: Բացօթյա մթնոլորտ, համեղ հյուրասիրություն, թարմ օդ եւ հաճելի երաժշտություն՝ ահա այսպիսի միջավայրում անցավ «Ոսկե ծիրանի» հատուկ միջոցառումը, որի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն իր ներկայությամբ ողջունեց փառատոնի կազմակերպիչներին եւ հյուրերին:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց նախագահին ջերմ ընդունելության եւ կիբնոփառատռոնի կողքին լինելու համար, այնուհետեւ նշեց.

 

«Այսօր մենք հանձնելու ենք այն մրցանակները, որոնք շատ կարեւոր են մեզ համար: Շնորհակալ եմ մեր նոր կազմին՝ շատ գեղեցիկ փառատոն անցկացնելու համար: Շատ լավ ֆիլմեր էին ընտրվել»:

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ու ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ հայտարարեցին այն ընկերություններին եւ կազմակերպություններին, որոնք իրենց հատուկ մրցանակները հանձնեցին իրենց կողմից ընտրված հաղթողներին:

Այսպիսով՝ Հայաստանի ազգային կինոակադեմիան իր մրցանակը հանձնեց «Իմ նոր տարի» ֆիլմին, որի ռեժիսորն Արուսիկ Սիմոնյանն է:

 

«Սոս Սարգյան» մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակը սահմանված էր «Ես տուն կվեադանամ» ֆիլմի ռեժիսոր Ֆրունզե Ամիրխանյանի համար: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից լավագույն ֆիլմ ճանաչվեց «Դեկտեմբեր»-ը, որի ռեժիսորն Արման Հարությունյանն է, իսկ Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակը տրվեց իրանական արտադրության «Փայտփորը» ֆիլմին: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի մրցանկը վրացական «Հորիզոն» ֆիլմինն էր, Հայաստանի անկախ կնոգործիչների համայնքի կողմից էլ 2 մրցանակ տրվեց, մեկը՝ հայ ռեժիսոր Արթուր Սուքիասյանին՝ «Բերդ» ֆիլմի համար, մյուսը՝ վրացի ռեժիսոր Գեորգի Թավարթքիլաձեին՝ «Վատ մարդիկ» ֆիլմի համար:

 

Վաղը՝ հուլիսի 13-ին, կկայանա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն այս տարվա հաղթողների անունները: