Սեփական ցանքատարածությունները փրկելու համար խաչիկցիներն ստիպված են եղել մարել հրդեհը ադրբեջանական կողմի կրակոցների տակ։

Գիշերը Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչներին հաջողվել է կանխել Ադրբեջանի տարածքում բռնկված հրդեհի` մեր կողմն անցնելը, նրանք անգամ մարել են այն։ Բայց դրա համար խաչիկցիները ստիպված են եղել անցնել սահմանն ու մտնել ադրբեջանական տարածք։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Սմբատյանը։

«Մտանք իրենց տարածքում հանգցրեցինք, բայց էլի հրդեհ առաջացավ։ Մեր տարածքում նոր կանխեցինք»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք այդ քայլը խնդիրներ չի առաջացրել հարևանների հետ, Սմբատյանը պատասխանեց. «Այն կողմում կրակոց–մրակոց կար, բայց դե դա մեզ քիչ էր հետաքրքրում։ Եթե չանեինք, այդտեղ 170 հա ցանքատարածություն ունենք` գարի, ցորենի, ամեն ինչ կկորցնեինք»։

Հարևան տարածքում բռնկված հուժկու հրդեհը, գյուղապետի խոսքով, թեև անցել է սահմանը, բայց մարզի գյուղացիներին հաջողվել է միահամուռ ջանքերով մարել կրակը` թույլ չտալով դրան հասնել իրենց ցանքատարածություններին։

Խաչիկ գյուղը, Սմբատյանի խոսքով, 1 հրշեջ մեքենա ունի, որը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին, բայց կրակը մարվել է հիմնականում գյուղացիների ձեռքով։

Հրդեհի լուրը լսելով` գյուղ են եկել անգամ հարևան գյուղերի ղեկավարներն ու Վայոց Ձորի մարզպետը, ովքեր ևս մասնակցել են կրակի մարմանը։

Հիշեցնենք` երեկ գիշերը` ժամը 11։00-ի սահմաններում գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը Facebook-ի ուղիղ եթերի տեսանյութում էր հրապարակել, որում տեղեկացրել էր գյուղի սահմանագծից դուրս՝ Ադրբեջանի տարածքում բռնկված հուժկու հրդեհի մասին։

Հոգևորականի խոսքով` հրդեհի շառավիղը շուրջ 1կմ էր։