Երեկ Իջեւանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել. ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-իօն, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 12 ոստիկան ստացել է մանրմական վնասվածք, բարեբախտաբար ոչ շատ ծանր:

«Երկու քաղաքացի է մարմնական վնասվածք ստացել: Այսպիսով ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,-ասաց նա՝ առաջարկելով փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին, ով քիչ առաջ է վերադարձել Իջեւանից, մանրամասներ հայտնել:


Վերջինս նշեց հետեւյալը. ««Ապօրինի ծառահատումների կանխման շրջանակներում միջոցառումներ էին իրականացվում Լոռու եւ Տավուշի մարզերում: Տեղավորվել էին անշարժ պահակակետեր այն կարեւոր ուղիներում, որտեղով կարող էինարտահանել ապօրինի հատված ծառերը: Դա դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, որոնք զբաղվում են ապօրինի ծառահատումներով: Նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերը կարգավորեն: Այդ առթիվ երեկ Իջեւանում մի քանի անգամ փակվեց եւ բացվեց Իջեւան-Նոյեմբերյան մայրուղին եւ Իջեւանի Երեւանյան փողոցը: Մոտ 500 հոգու կողմից պահանջ էր դրվում, որ հանեն այդ պահակակետերը եւ թույլ տան իրենց ապօրինի ծառահատված զանգվածը հանել մարզից: 18.00-ի սահմաններում ոստիկանությունը պատնեշ էր կազմել եւ ուզում էր բացել մայրուղին: Այդտեղ տեղի ունեցավ բախում:

Բողոքավոր հատվածը քարերով, մահակներով վնասվածքներ պատճռեցին 11 ոստիկանների: Վնասվածքները լուրջ չեն, այս պահին 8 ոստիկան ոստիկանական հոսպիտալում է, վիճակը բավարար է»,-ասաց նա:

Մովսիսյանը նշեց, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանական զորքերի մի մասը տեղափոխվել է Իջեւան. «Բանակցություններ վարվեցին ակտիվիստների հետ, որի ընթացքում ներկայացվում էին նույն պահանջները: Ոստիկանապետը բացառեց որեւէ ձեւով այդ հարցի անօրինական որեւէ լուծում: Հիմա իրավիճակը վերահսկվում է, մայրուղիները բաց են:Լ Ոստիկանապետը այնտեղ է: Հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածների հատկանիշներով: 19 մարդ բերման է ենթարկվել, որից 13-ը ձերբակալվել է, մնացածը ստորագրությամբ բաց են թողնվել»:

Փաշինյանը նկատեց, որ ինքը տեղյակ էր, որ շուրջ 36 հոգի բերման պետք է ենթարկվեր, որոնք կազմակերպիչներն են: «Տվյալ դեպքում ակտիվիստ բառն այնքան էլ պատեհ չի: 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ուր են»:

Փոխոստիկանապետը պատասխանեց, որ գիշերն օպերատիվ գործողություններ են իրականացվել. «Բոլորի հասցեներով գնացել են, որ բերման ենթարկեն յդ անձանց, որոնց ցուցակն ունեինք: Բայց նրանց տեղում չեն գտել, հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու: Այդ թվից 19-ն են բերման ենթարկվել»,-ասաց նա՝ բացառելով, որ նրանք հնարավոր է հանրապետությունից դուրս եկած լինեն:

«Հիմա ուժեղացված հսկողություն է իրականացվում, եւ հնարավոր է դժգոհություն առաջացնի նաեւ այդ հանգամանքը, որ մի քանի հոգու բերման են ենթարկել ու ձերբակալել: Կարող է նորից փորձեն փողոցը փակել»,-ասաց փոխոստիկանապետը: