Երեկ մենք ընդամենը աշխատանքի 4 դիմում ենք ստացել, բայց եթե հիմա դուրս գաք՝ 40 բողոք կստանաք այդ հավաքված մարդկանցից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Տավուշի մարզում թափուր աշխատատեղեր կան։

«Մենք ասում ենք՝ ժողովուրդ, ունենք աշխատանք, դիմեք, թող ձեզ առաջարկեն՝ դուք հրաժարվեք։ Հարցրեք իրենց՝ մոտեցե՞լ եք, դիմում գրե՞լ եք, կասեն՝ չէ, ես չեմ հավատում։ Մի քանի օր առաջ էլ էին ասում՝ չէ, չենք հավատում, երբ մենք ասում էինք, որ մինչեւ վերջ ենք կանգնելու, երբ որ ասում էինք, սա պետություն է, պետականություն է՝ չէին հավատում, չեն էլ հավատացել, քանի որ իրենք ամեն օր տրորել են այդ պետականությունը, եւ իրենք փորձում են շարունակել տրորել, ու իրենց հաստատ ոգեւորում են որոշակի մարդիկ՝ տրորել այդ պետականությունը։ Այստեղ պայքարը անհատի եւ ազգայինի միջեւ է, պետականությունը ազգային շահի կազմակերպման բարձրագույն ձեւն է, իսկ մենք տրորում ենք մեր ազգային շահը՝ հանուն սեփականմ մասնավոր ամբիցիաների կամ հիվանդությունների։ Անտառ կտրելը մարդասպանություն է, եւ այդ մարդկանց արդարացնելու ձեւ չկա։ Իմ բնակիչը 18 տարեկան զինվորն է, որ գնում է պայքարելու, իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել ժամանակին, եւ ինքը գնացել է ամեն ինչ արել է, որ իր տղայի դիակը բերի, իմ բնակիչն այն մարդն է, որ պետականությունը հարգելով՝ մի բառ չի արտասանում, բայց իր տղան գտնվում է Ադրբեջանում, իրենք են իմ բնակիչները, իրենք են տավուշեցին, իսկ նրանք իմ բնակիչները չեն»,- ասաց մարզպետը։


Չոբանյանը հայտնեց, որ երեկ ու այսօր ստացվել են առաջին դիմումները: Այս պահին իրենք ունեն 276 հաշվառված թափուր աշխատատեղ, որն առաջարկում են բնակիչներին եւ եւս մի քանի հարյուր աշխատատեղ՝ նաեւ զորամասերում: Նրա խոսքով՝ հազարից ավելի քաղաքացիների կարող են աշխատանքով ապահովել, եթե քաղաքացիները ցանկանան աշխատել։

Անդրադառնալով թափուր աշխատատեղերի միջին աշխատավարձին՝ մարզպետն ասաց, որ իրենց առաջարկները սկսում են ամենացածրը՝ 105 հազար դրամից. «Դա մաքուր աշխատավարձն է, դրանք ամենապարզ աշխատանքներն են, դրա մեջ մտնում են զինվորական ծառայություն, ճանապարհաշինություն եւ այլն։ 120 հազար դրամից սկսում է տեքստիլի ոլորտում աշխատանքը՝ օրական 8 հազարից 15 հազար, ճանապարհաշինության մեջ ունենք, 168 թափուր աշխատատեղ դպրոցներում ունենք»։

Հարցին՝ եթե մարդիկ իմացել են աշխատատեղերի մասին, ինչու չեն դիմել, Չոբանյանն ասաց, որ պատճառները տարբեր են, յուրաքանչյուր մարդու դեպքն առանձին է. «Առաջինը որակավորման խնդիրն է, երկրորդն այն, որ տարիներ շարունակ, շատ աշխատատեղեր սահմանափակ են եղել այդ մարդկանց համար, այդ նույն դպրոցում ուսուցիչ աշխատելու համար տարիներ շարունակ աշխատել են կոռուպցիոն մեխանիզմներ, եւ մարդիկ հավատը կորցրել են առ այն, որ իրենք կարող են ուղղակի դիմել աշխատելու, եւ առանց ոչ մի բանի իրենց ընդունեն աշխատանքի։ Երրորդն այն է, որ իրականում, հատուկ աշխատանք չի տարվել մարզի կտրվածքով՝ տնտեսվարողների հետ։ Ես, ինքս առաջին օրվանից սկսած, մեր բոլոր ճանապարհաշինարարների հետ հանդիպել եմ, եւ խնդրել եմ, որ առավելագույնս լինի տեղական մասնակցություն, ես առաջարկել եմ, եթե պետք է վերապատրաստումներ իրականացնել՝ մենք կարող ենք դա անել։ Գործատուն ինքն ազատ է այդ ընտրության մեջ, ինքը կարող է որոշել՝ ում օգտագործել, շատ դեպքերում իրեն ավելի ձեռնտու է՝ իր ճանաչած մասնագետը, որը թեկուզ՝ Տավուշի մարզից չէ, գա այստեղ ապրի, եւ այստեղ մասնակցի, բայց մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր տնտեսվարող, որը բիզնես է անում, եւ այստեղ գումար՝ վաստակում, ինքը սոցիալական պատասխանատվության խնդիր ունի։ Եվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման մեջ կա, մեր ծրագրերի մեջ մենք տեսնում ենք տեղացիների առավելագույն մասնակցության ապահովմանը։ Դա հեշտ աշխատանք չէ, որովհետեւ եթե այդ մարդը այդ մասնագետն է, դեռ չի նշանակում, որ ինքը լավ մասնագետ է։ Միշտ պահանջվում է ժամանակ, որպեսզի իրեն սովորեցնեն վերապատրաստեն եւ բերեն ինչ-որ վիճակի»։