Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որ ներկայացրել է ՌԴ նախագահ Պուտինը: Դրանով նախատեսվում է ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի սահմանում: Այս նախաձեռնությունն արդեն հասցրել է քննարկումների տեղիք տալ, որոնք հատկապես ուշագրավ դիտանկյան տակ են Հայաստանի տեսակետից: Բանն այն է, որ երևանյան դիրքերից հարց է, թե ո՞ւմ համար է Մոսկվան նախատեսում առաջ քաշել այդ գաղափարը, որը, փաստորեն, դեռ պետք է անցնի ՀԱՊԿ մյուս երկրների խորհրդարաններով:

Հարցն այստեղ այն է, որ ՀԱՊԿ դիտորդության «գլխավոր» հավակնորդների շարքում են դիտարկվում Թուրքիան և Ադրբեջանը: Իհարկե, այստեղ ամեն ինչ այդքան էլ միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, դատելով այդ երկրների հետ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունից: Սակայն հաշվի առնելով այդ երկրների հետ իր հարաբերության բնույթը և հանգամանքը կամ այդ հարաբերության բացակայությունը՝ Հայաստանը բնականաբար պետք է չափազանց ուշադիր և բծախնդիր լինի նրանց համար նախատեսվող որևէ «պլացդարմի» հարցում:

Մյուս կողմից, ինքնին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի ստեղծումը մի հանգամանք է, որը բնորոշ է միջազգային այդօրինակ կառույցներին և, խոշոր հաշվով, նկատի ունենալով այն, որ Մոսկվան ձգտում է ՀԱՊԿ-ն դարձնել որոշակիորեն միջազգային հեղինակություն ու դերակատարություն ունեցող կառույց, օրինաչափ է, որ ընդլայնում է այդ կառույցի միջազգային ներկայացուցչականության և, այսպես ասած, մատչելիության հնարավորությունը: Իհարկե պետք է նկատել նաև, որ Մոսկվայի այդ ջանքերը առայժմ մեծ հաշվով ապարդյուն են, և ՀԱՊԿ միջազգային հեղինակություն չի ստացվում որևէ կերպ: Եվ դա նաև այն պատճառով, որ ռազմա-քաղաքական այդ բլոկը աչքի է ընկնում իր իսկ անդամ պետության հանդեպ անվտանգային հակագործողություններով: Խոսքը հենց Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ քաղաքականության կամ անպատասխանատվության մասին է:


Միևնույն ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո Երևանը բարձրացրել է այդ հարցն ու դրել այն բավականին հաստատուն, այդպիսով փաստացի դնելով նաև հենց ՀԱՊԿ միջազգային հեղինակության հարցը: Սակայն այստեղ էլ առաջանում է այլ խնդիր՝ ՀԱՊԿ կազմը ինքնին բացարձակապես հակոտնյա պետական-ռազմավարական շահերով պետությունների համախումբ է, որտեղ կան լուծվող երկկողմ կամ բազմակողմ տարաբնույթ ֆորմատներով հարցեր, սակայն չկա հավաքականորեն լուծվող որևէ հարց, երբ անդամ պետությունները բոլորը միասին սկզբունքորեն մեկ հարց են լուծում:

Ահա այս իմաստով է, որ հարց է առաջանում, թե ի՞նչ հարց է լուծում Ռուսաստանը, և ի՞նչ հարց են լուծելու մյուս անդամները՝ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի ներդրումով: Այս համատեքստում Երևանին թերևս պետք չէ դիմադրել այդ կարգավիճակների ներդրմանը, այլ պետք է պարզապես պատրաստվել դրան, որպեսզի ՀԱՊԿ ստացած նոր կանոնադրական հնարավորությունը՝ մի կողմից թույլ չտրվի օգտագործել Հայաստանի շահերի դեմ, նոր խաղեր սկսելով Բաքվի կամ Անկարայի հետ, մյուս կողմից էլ Հայաստանը կարողանա հնարավոր այդ զարգացումները ծառայեցնել իր շահերին, այսինքն՝ ոչ միայն դնել այդ խաղերն արգելափակելու, այլ նաև թավշյա հեղափոխությունից հետո ՀԱՊԿ-ում սկսած իր խաղն առաջ տանելու խնդիր:

Այստեղ է, որ իրավիճակը ամենևին միարժեք չէ, անգամ Թուրքիայի և Ադրբեջանի առումով, և Հայաստանն ունի ՀԱՊԿ հեռանկարի վերաբերյալ Ռուսաստանի հետ աշխատանքի որոշակի դաշտ: Որովհետև Մոսկվան էլ թերևս լավ է պատկերացնում, որ թե՛ Անկարան, թե՛ Բաքուն, եթե անգամ դրսևորում են եվրասիական որևէ նախագծով հետաքրքրություն, ապա դա ընդամենը Ռուսաստանին, այսպես ասած, «գայթակղելու» համար: Իսկ թուրք-ադրբեջանական այդ քաղաքականությանը լրջորեն դիմակայելու համար Ռուսաստանն այսօր անզոր է, և այդ հարցում կարող է օգնել միայն Հայաստանը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am