Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ եւ շինծու քարոզարշավը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերեւից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»:
Փաստորեն, Նիկոլին պատկանող եւ Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջեւանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն եւ անհեթեթ քարոզչությունը:
Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ եւ շինծու քարոզարշավը:
Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերվում է «Նիկոլի թշնամիներ» արտահայտությանը: Երկրի ներսում ոչ մենք ունենք թշնամիներ, ոչ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարը ատելության խոսքի դասական դրսեւորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին:
Իսկ «անգիտակից մարդիկ» արտահայտությունը ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամնեը հիշեցնեմ, որ այդ «անգիտակից մարդիկ» են բերել Ձեր որդուն իշխանության:
Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից: Դա ճիշտ չէ որ մարդկային եւ ոչ քաղաքական առումներով:
Եթե տիկնոջը արդեն անհնար է, ապա գոնե ընտանիքի մյուս անդամներին: Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել եւ ներքաշել քաղաքական պայքարի մեջ»: