«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Եկեղեցականները մասնավորաբար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից։ Այս հայտարարությունից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսեւորեցին ՀԱԵ դեմ։

Ի դեպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի աջակից են համարում, ոմանք նույնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրահեղականությամբ, անհավասարակշռվածությամբ, ընդհանրապես ամենօրյա պահվածքով ամենամեծ վնասն են տալիս Փաշինյանին։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ նման դրսեւորումները նորություն չեն։ Դեռ մոտ 20 օր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ վերոնշյալ շրջանակները հուժկու հարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ, ուղղակի սպասում են հարմար առիթի։ Առիթը եկավ, այն էլ՝ այդ նույն շրջանակների համար չափազանց ցավոտ՝ Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով։ Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածավալ, կազմակերպված նոր հարձակումներ են սպասվում ՀԱԵ ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում