Երեւան-Սեւան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ՝ ծնված 1963, 1966, 1974 թվականներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ ՔԿ–ից հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ եւ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է «Շշի Մելո» մականվամբ հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։