«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում օգոստոսի 2–ին նորածնի մահվան դեպք է գրանցվել. հարազատների պնդմամբ՝ երեխային ժամանակին չեն տեղափոխել ԲԿ։

Երեխան ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել «Բեգլարյան կենտրոն»–ից։ NEWS.am–ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հանրային կապերի գծով օգնական Գևորգ Դերձյանը հայտնեց, որ նորածինը մահացել է թթվածնային քաղցից։

«Ըստ բժիշկների՝ նորածինը գտնվել է օժանդակ շնչառության պայմաններում, սակայն մի քանի ժամ անց, երբ նկատել են, որ շնչառությունը չի բավականացնում, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխային արհեստական շնչառության սարք է միացվել, սակայն արդեն չէր յուրացվում թթվածինը, և երեխան ժամուկես անց թթվածնային քաղցից մահացել է»,–ասաց նա։

NEWS.am–ին դիմած երեխայի հորեղբայրը՝ Գևորգ Ղազարյանը, պատմեց, որ երեխան ծնվել է 7.5 ամսականում։

«Պարզվեց՝ շնչառական բարդություններ ունի, նրան արհեստական շնչառության սարք էր միացվել, սակայն երեխայի վիճակը օգոստոսի 2–ին կտրուկ վատացավ, և անհրաժեշտություն առաջացավ նրան այլ հիվանդանոց տեղափոխելու»,–ասաց հորեղբայրը՝ նշելով, որ նորածնին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխել երկու ժամ ուշ։

«Ասացին, որ շնչառական սարքը փչացել է, պետք է շուտ տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Անընդհատ սպասում էինք, որ Մուրացանի ռեանիմոբիլը գա, բայց չկար, հետո պարզվեց՝ մեկը գնացել է Գորիս, մյուսն էլ չկա՝ վարորդ չունի, որ գա, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն երկու ժամ հետո նոր տեղափոխեցին»,- ասաց նա:

Ղազարյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ չեն դիմել իրավապահներին, և որ իրենց նպատակն է՝ ծառայողական քննության արդյունքում պարզել մեղավորներին, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն։