Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին և 7-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փորձերի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Օգոստոսի 6-ին ժամը 12։00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները երբ Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, նրանց են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Ըստ լրատվամիջոցի՝ մոտ 20 րոպե բանակցությունների արդյունքում ոստիկանները կարողաացել են քաղաքացուն համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի։ Այդ քաղաքացին Երևանի բնակիչ 27-ամյա Էդիկ Բ-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ ցանկացել է ինքնասպանություն գործել, քանի որ ունի սոցիալական խնդիրներ։

Օգոստոսի 7-ին, ժամը 01։00-ի սահմաններում նույն գումարտակի ծառայողներին են մոտեցել ամուսիններ և հայտնել, որ իրենք նկատել են, թե ինչպես է մի տղամարդ անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է կամրջից ցած նետվել։ Այս դեպքում նույնպես ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնասպանութունը։ Քաղաքացին արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնում հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել։ Նա, ըստ լրատվամիջոցի, Երևանի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Պ-ն է։