Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

 Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ նորածինների 18-ամյա մոր հետ նախարարության համապատասխան բաժնի մասնագետները այս ընթացքում աշխատանք են տարել, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ և բարեկեցիկ մանկությունը, ինչպես նաև ընտանիքի սոցիալական կարգավիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր են կատարվել:

 Երկվորյակ եղբայրները անցած տարվա հոկտեմբեր ամսից ապրում էին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած փոքրիկների մայրը Մասիս քաղաքի 18-ամյա բնակչուհի է, նա հրաժարվել էր իր երեխաներից և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին: Երեխաներից հրաժարվելու որոշումն էլ մայրը նոտարական կարգով էր վավերացրել: