Այսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից, և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է:

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ:

Փաստի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ըստ աղբյուրի՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին: