Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աշխատում է հանրակրթական դպրոցների Հայոց պատմության առարկայի դասագրքերում բովանդակային փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Այժմ այդ թեմայով նախարարությունում քննարկումներ են: Այդ մասին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում լրագրողներին ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են 2008թ. Մարտի 1-ի իրադարձություններին, նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, քաղաքական գնահատականներին:

Ըստ Ա. Հարությունյանի՝ քննարկումները բարդ են, հանձնաժողովը չի կարողանում ընդհանուր եզրակացության գալ: Մասնագետների գրավոր կարծիքները երբեմն միմյանցից 180 աստիճանով տարբերվում են:

Նախարարն ասաց, որ ինքն արգելել է դասագրքերի տպագրությունը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել ընդհանուր եզրակացության:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև ուսումնական տարեսկիզբը դասագրքերը չտպագրվեն, Ա. Հարությունյանն ասաց, որ նախ՝ նշված դրվագներն ուսուցանվելու են երկրորդ կիսամյակում, և երկրորդ՝ չի բացառվում, որ դասընթացը կվարվի հին դասագրքերով:

Այն հարց-դիտարկմանը, թե նախարարությունն ի՞նչ սկզբունքով է առաջնորդվելու Մարտի 1-ի իրադարձությունների թեման դասագրքերում ընդգրկելիս՝ հաշվի առնելով այն, որ Մարտի 1-ի քրգործը դեռ քննության փուլում է, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ասաց, որ այդ առումով ուսումնասիրում են համաշխարհային փորձը:

«Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների պատմության դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: Հնարավոր է այնպես լինի, որ մենք էլ կիրառենք այդ փորձը»,-դասագրքի թեման ամփոփեց երկրի կրթության պատասխանատուն:

Արայիկ Հարությունյանը հայտնեց նաև, որ վերանայվելու է դասագրքերի համար վճարման համակարգը, որպեսզի այնպես չստացվի, որ ծնողը նույն գինը վճարի թե՜ նոր, թե՜ հնամաշ գրքի համար: