Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը, օդանավակայանը խոստացել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները վառելիքի լիցքավորման պրոցեսի որակի վերահսկման համար: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի»,-ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռային սեզոնին նախատեսված տոմսերի վաճառքը դադարեցվել էր այս ամսվա սկզբին՝ օդանավակայանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ավիաընկերությունը մի քանի անգամ դիմել էր օդանավակայանի ղեկավարությանը՝ իրավիճակը շտկելու խնդրանքով:
Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր՝ Մարսելո Վենդեին ուղղված նամակում, ասվում է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարվա սկզբին թերակատարման պատճառով տեղի ունեցած միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորները պատժվեն»: