Շոտլանդիայի Արեւմտյան Լոտիան մարզից 49-ամյա Քրիս Մելոնը 3,7 մետրից ընկել է սեփական հարսանիքի ժամանակ եւ կոմայի մեջ հայտնվել: Ուշքի գալուց հետո նա մոռացել է, որ վերջերս ամուսնացել է, կնոջն էլ ոչ միանգամից է ճանաչել:

Daily Mirror-ը հայտնում է, որ Քրիսը, որը խմել էր ընդամենը 2 բաժակ ալկոհոլ, ընկել է, երբ դռնապանին օգնել է հարսանյաց նվերները տանել նորապսակների համար:

«Այնտեղ բազրիք կա մեկ լայնադիր գերանով, որը 1,5 մետր ճեղք ունի,- հիշում է տուժածը: - Ես աստիճանի վրա սայթաքեցի եւ առաջ սահեցի: Հաջորդ բանը, որ հիշում եմ՝ այն է, թե 10 օր հետո ինչպես արթնացա հիվանդանոցում»:

Քրիսը ծանր վնասվածքներ էր ստացել, այդ թվում՝ գանգի, մեջքի ոսկորների, ուսի եւ ձեռքերի կոտրվածքներ, լրջորեն վնասել էր նաեւ սիրտն ու թոքերը: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա կոմայի մեջ է անցկացրել 10 օր:

Ուշքի գալով՝ Քրիսն իր կնոջը՝ 43-ամյա Ավրիլին, անմիջապես չի ճանաչել: Այդ ժամանակ նա Քրիսի համար երգել է այն երգը, որի տակ պարել են հարսանիքում: Քրիսը սկսել է նրան ձայնակցել: Ժամանակի ընթացքում նրա հիշողությունը վերադարձել է, եւ նա դանդաղորեն վերականգնվել է:

Մեկ ամիս հետո Քրիսը սկսել է ապաքինվել եւ հիվանդանոցից դուրս է գրվել: Բժիշկները զարմացած էին, որ նա ստացած վնասվածքներից հետո կարողացել է քայլել: Իհարկե, ընկնելը հետքեր, այնուամենայնիվ, թողել է եւ բավականին լուրջ. Քրիսի ձախ ականջը խլացել է, նա կորցրել է հոտառությունը եւ դադարել զգալ կերակուրի համը:

Քրիսին առայժմ արգելված է աշխատել, փետրագնդակով զբաղվել եւ մարզադահլիճ հաճախել: Բայց ընդհանուր առմամբ նա իրեն վատ չի զգում եւ առողջանում է: