Օգոստոսի 17-ին՝ ժամը 23։30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը:

Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի կողմից. պարզվել է, որ դիակի վրա առկա են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Նույն օրը ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում հանցագործությունը բացահայտվեց:

Պարզվեց, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Ժիրայր Բասմաջյանի ամառանոցում վերջինիս և Գարգառ գյուղի 20-ամյա մի բնակչի միջև անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և հարվածել են միմյանց, ապա երիտասարդը խոհանոցի սեղանից վերցնելով դանակը՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ժ. Բասմաջյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժ. Բասմաջյանի դիակը և ամառանոցը:


Այնուհետև իրենց տանը հագուստը փոխել է, դեպքի պահին հագին եղած արյունոտ հագուստը և կոշիկները դրել է պոլիէթիլենային տոպրակը և նետել Գարգառ գյուղի մոտով անցնող Չայլաղ գետը:

Կատարված քննչական փորձարարության և որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:
20-ամյա երիտասարդը նույն օրը, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: