Օգոստոսի 20-ին, ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվել, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին է փոխանցվել:

Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 19-ի երեկոյան, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Շնող գյուղի հանդամասում տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին:

Օգոստոսի 20-ի առավոտյան կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն` վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե դեպքը որտեղ, ինչպես է եղել: Հանագմանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: