Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մանվել Տ.) եւ «BMW» (վարորդ՝ Գոռ Վ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Աշոտ Տ., ծնված 1964 թ. եւ Սառա Ղ., ծնված 1965 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: