Երեւանում, օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆիկ Թ.-ն, ով «կրծքավանդակի «աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ է ընդունվել, Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թ.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ մասի կտրած վերք» ախտորոշմամբ, եւ Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գ.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «Ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն ռեստորանի աշխատակցի՝ Երեւանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ա.-ի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։

Ոստիկանններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերել են Արկադի Ա.-ին եւ բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա եւ բոլոր վիրավորները աշխատում են «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում՝ որպես մատուցողներ։ Արկադի Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։