ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 եւ 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ եւ որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաեւ դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: