NEWS.am–ի տեղեկություններով՝ Շենգավիթում երեկ՝ օգոստոսի 25–ին հնչած կրակոցների գործով ձերբակալվածը Դոն-Կիխոտ ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանն է: Նշենք, որ իրավապահները առգրավել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված պարկուճներ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի Դոն-Կիխոտ ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։

ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը և 59-այա Սահակ Վարդանյանը համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք (կլինիկական մահ) և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Կատարվում է քննություն։