Պերուի հյուսիս-արևմուտքում հնագետները հայտնաբերել են զոհաբերված 250 երեխաների գերեզմանատեղի: Հայտնագործությունն արվել է Լա-Լիբերտադ շրջանում: Ինչպես նշել է հնագիտական պեղումների ղեկավար Ֆերեն Կաստիլոն, հայտնաբերված մնացորդները պատկանում են 13-15-րդ դարերին և անմիջական կապ ունեն նախակոլումբյան զարգացած չիմու մշակույթին:

Հայտնի է, որ երեխաների մարմնամնացորդները կտրած վերքերի հետքեր ունեն կրծքավանդակի և կողերի հատվածում:

Երեխաները թաղվել են այդ մշակույթի համար անբնական դիրքերով՝ մեջքի կամ կողքի վրա պառկած: Այնինչ չիմուի ավանդական թաղման ձևը նստած դիրքն է: Հնագետները կարծում են, որ դա վկայում է ծիսական սպանությունների մասին: Նրանց կարծիքով՝ 4-14 տարեկան երեխաները զոհ են մատուցվել անձրևի աստծուն:

Հայտնաբերվել են նաև 40 այլ գերեզմաններ՝ զինվորականների ու գերիների: Նրանք ևս, մասնագետների հավաստմամբ, զոհաբերվել են աստվածներին: