Երեկ լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ ասելով, որ նրա ազգական Կարեն Խաչատրյանը ևս պետք է բերման ենթարկվի։

Իսկ ով է Կարեն Խաչատրյանը․ նա բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում և հայտնի է աղմկալի պատմություններով։ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է, նա ևս պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նա հիմնականում աչքի է ընկել ծեծկռտուքներին մասնակից լինելով։ Օրինակ 2014 թվականին մի այդպիսի ծեծկռտուք է եղել «Շառլոտ» գիշերային ակումբում, որի կիզակետում էր հայտնվել Կարեն Խաչատրյանը։ Սկզբում Կարեն Խաչատրյանն ու կոլեգաները վիճաբանել են ակումբի աշխատակիցների հետ, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ, հետո նրանց հետ զրուցելու են եկել ակումբի տերերը:

Կարեն Խաչատրյանը նույն ակումբում պատմության մեջ էր հայտնվել նաև 2011 թվականին․ այն ժամանակ, ըստ հրապարակումների, վիճաբանությունն սկսվել էր Գ. Խաչատրյանի եղբորորդու եւ քրեական հեղինակություններից մեկի միջեւ, որը վերածվել էր ծեծկռտուքի: Միջադեպի մասնակիցներին տարել էին ոստիկանություն եւ կարճ ժամանակ անց բաց թողել:

Նաև 2016 թվականին մաքսայինի մի խումբ աշխատակիցներ տեսաուղերձով պատմել էին, որ Գ. Խաչատրյանը մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը տվել էր իր եղբոր որդուն՝ ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, որն իր համախոհների հետ մաքսային ծառայությունում ստեղծել էր մի հանցավոր խումբ և, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները, յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք, ըստ էության, պետք է մուտքագրվեին պետբյուջե:

 Նյութի աղբյուր՝ Armlur.am