Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած ԷԼԱՐԴ-ի փորձագետները կոնֆերանսի ժամանակ հայտնել են, որ փորձաքննության ընթացքում մեկ լրացուցիչ նամակ են ստացել փորձաքննությունը պատվիրած ՀՀ Քննչական կոմիտեից` պայմանագրում չարձանագրված հանձնարարություններով։

Պարզվեց, որ ՀՀ վարչապետը տեղյակ չէր ՔԿ-ի ուղարկած նամակից: Նիկոլ Փաշինյանը խնդրեց կառավարությանն ուղարկել ՔԿ-ից ԷԼԱՐԴ-ին հասցեագրած նամակը։

Քննարկմանն Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նշեց, որ քննչական կոմիտեն փորձագետներին խնդրել է լրացուցիչ պարզաբանել` վերահսկելի՞ են հանքի շահագործման արդյունքում հնարավոր ռիսկերը, թե՝ ոչ, եթե ոչ, ապա դրանք կարո՞ղ են դառնալ վերահսկելի:

«Դրական եզրակացությունը ստացվել է տարբեր մարմինների եզրակացությունների հիման վրա։ Եվ տվյալ հանգամանքում թաքցնելու կամ չբացահայտելու դիտավորություն չկա։ Քննչական գործով նման տվյալ ձեռք չի բերվել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պարզվում է` փորձաքննության տվյալները թերի են եղել, ինչին քննիչը հավելեց, որ «տվյալների թերի լինելը չի կարող որակվել իբրև «թաքցնել»։

«Որպեսզի առաջանա տվյալ հանցակազմը, պետք է լինի փաստ, որ դա արվել է դիտավորությամբ»,- ասաց Իվանյանը։

Վարչապետը միջամտեց` տվյալների հետևից չգնալն էլ թաքցնել է։ «Ես գիտեմ, որ այստեղ կա ինչ-որ հանցանշան։ Ես այդ հանցանշանի հետևից չեմ գնում, չեմ վերցնում։ Հետո գալիս է փորձագետը, ասում է, որ դու այդտեղ պտտվել ես, բայց չես նայել այդտեղ հանցանշան կա, թե չկա։ Եթե ես այդ գործողությունը չեմ արել, հետևաբար, թաքցրել եմ»,- ասաց Փաշինյանը։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Իվանյանին պաշտպանելով, ասաց, որ քանի որ դիտավորության մասին ապացույց չկա, դա կարող է դիտվել որպես պաշտոնեական անփութություն։

«Ես էլ այդ եմ ասում, ինչո՞ւ ԷԼԱՐԴ-ի մասնագետները տեսել են, որ այդ տվյալները թերի են, իսկ մեր բնապահպանության նախարարության պաշտոնյաները չեն տեսել։ Կամ ինչո՞ւ Դուք չեք տեսել, որ այդ տվյալը թերի է, ու այդ փաստին ուշադրություն չեք դարձրել»,- հարցրեց վարչապետը։

«Այո՛, ԷԼԱՐԴ-ն ասում է, որ այդ տվյալները թերի են, բայց երբ որ «Լիդիանը» բերել է իր հիմնավորումները, մենք դրանց հետ չենք կարողացել չհամաձայնել»,- ասաց ՔԿ նախագահը։

Միջազգային փորձագետներից Նիդալ Ռաբահը նշեց, որ «Լիդիանը» կատարել է փորձարկումներ, և դրանք որոշակի չափանիշների բավարարել են. «Բայց միայն մեկ քիմիական նյութի և միայն կոնկրետ պայմանների պարագայում։ Մինչդեռ հանքում կան բազմաթիվ քիմիական նյութեր, բազմաթիվ քիմիական նյութեր, որոնք բացարձակապես չեն փորձարկվել: Որոշ տվյալներ «Լիդիանը» գերագնահատել է, որոշները` թերագնահատել»,- ասաց փորձագետը:

ՀՀ վարչապետը Քննչական կոմիտեի նախագահից հետաքրքրվեց նաև, թե ինչպես են հանգել այն եզրակացությանը, որ չկան բնապահպանական ռիսկեր։

«Ելնելով այն եզրակացությունից, որ եթե մեղմման միջոցները կիրառվեն, դրանք չեզոքացվում են»,- ասաց Հայկ Գրիգորյանը։