Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երեկ Գյումրիի աղբանոց կենդանի վիճակում երեխային նետած մայրը օգոստոսի 15-ին մոտեցել է Շիրակի մարզպետարանի կանանց, երեխաների պաշտպանության բաժին ու ասել, որ ինքը խնդիրներ ունի և երեխային ցանկանում է հանձնել մանկատուն։

Ըստ մարզպետի՝ բաժնի աշխատակիցները մի քանի օր շարունակ նրա հետ հետևողական աշխատանք են տարել, հրավիրել են ոստիկանության անչափահասների բաժնի պատասխանատուներին, սոցիալական ծառայությունների աշխատակիցներին, խնդրի մասին տեղյակ պահել ու փորձել հասկանալ, թե կինն այդ քայլին ինչու է դիմում։

Կինը պատմել է, որ պատճառը սոցիալական է, ինչին ի պատասխան, համապատասխան կառույցների պատասխանատուները խոստացել են աջակցել, որ սոցիալական խնդիրները վերանան։

Ըստ մարզպետի՝ աշխատանք է տարվել նաև կնոջ հարազատների, նախկին ամուսնու հետ, որից հետո կինը մտափոխվել է, տեղեկացրել, որ ամուսիններով իրենց հարցերը կլուծեն, «այլևս չեն ուզում պետական կառույցների դռները գալ»։

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ մարզպետարանի կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցները մի քանի ճշգրտող զանգերից հետո պարզել են, որ խնդրով դրական տեղաշարժ կա, իսկ այն, ինչ կատարվել է երեկ, ըստ մարզպետի, շոկի մեջ է գցել բաժնի աշխատակիցներին։


Նա նշեց, որ կնոջ հետ խոսակցություններից հետո սոցիալական պատճառը կարծես դուրս էր եկել քննարկումներից ու ավելի շատ խնդիրը ընտանիքի միջանձնային հարաբերություններն էին, որն էլ մարզպետարանին ներկայացվել է, թե հարթվել է։

Մարզպետի կարծիքով՝ բազմաթիվ հարցերի պատասխանը կտան դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննությունները, որոնք տարվում են։

Հիշեցնենք, որ 1999 թվականին ծնված կինը, որը Գյումրու Մուշ թաղամասի ամուսնալուծված բնակչուհի է, երեխային նետել էր Գյումրիի Շիրակացի փողոցի Ճերմակ հիվանդանոցի հարևանությամբ տեղադրված աղբամանը՝ կենդանի վիճակում: Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Հետագայում հայտնաբերել էին մորը, որը խոստովանել էր, թե ինքն է երեխային նետել աղբանոց։