«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ընդ որում՝ երկու վարկած էր պտտվում` մեկը, որ Գագիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի, և նրան այդ պատճառով են տեղափոխել հիվանդանոց, երկրորդ վարկածն էլ այն էր, որ Գագիկ Խաչատրյանին ինսուլտի ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, և նրա առողջական վիճակը շատ վատ է:

Ի վերջո, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես հասկանալ` արդյոք Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, թե ոչ, և, առհասարակ, որտեղ է նա գտնվում այս պահին:

«Ժողովուրդ» օրաթերթը նախ դիմեց Ազգային անվտանգության ծառայություն` փորձելով նախաքննական մարմնից հասկանալ, թե ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում արդյոք Գագիկ Խաչատրյանին նախաքննական մարմինը ինչ-որ գանգատով տեղափոխել է հիվանդանոց, թե ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ հայտնեցին, որ ձերբակալելուց հետո` 72 ժամվա ընթացքում, նախաքննական մարմինը Գագիկ Խաչատրյանին հիավանդանոց չի տեղափոխել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ` միգուցե կալանավորումից հետո քրեակատարողական ծառայթյունն է նրան տեղափոխել հիվանդանոց: Ի պատասխան մեր հարցադրման` ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ օգոստոսի 31-ին` առավոտյան ժամը 9:30-ին, Գագիկ Խաչատրյանը ընդունվել է «Երևան Կենտրոն» ՔԿՀ և մինչ այժմ գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիվանդանոց չի տեղափոխվել: Դատելով իրավապահների պաշտոնական պատասխանից` Գագիկ Խաչատրյանին իրավապահները հիվանդանոց չեն տարել, բայց, մյուս կողմից, փաստ է, որ նա հիվանդանոցում՝ «Աստղիկ» ԲԿ-ում եղել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: