Այսօր երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի 20-ամյա մայրը։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Այսօր դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որի հիման վրա նախնական 2 ամսով կալանավորվել է երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի կինը»,- ասել է Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Երեկոյան Գյումրու Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել էին երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Պարզվել է, որ 20-ամյա կինը կապել է երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանը շոր մտցրել եւ նետել է աղբանոց, ինչի հետևանքով երեխան մահացել է: