ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցեր ուղղեցին՝ անդրադառնալով երեկվանից իր և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև սկսված հեռակա բանավեճին: Լրագրողները հիշեցրին՝ Արմեն Մուրադյանը մեջբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի վերաբերյալ Արսեն Թորոսյանի հետևյալ միտքը.

«50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»:

Թորոսյանը նշեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է:

«Ես ասել եմ, որ նման բան չեմ ասել»:

Հարցին՝ այսինքն սո՞ւտ է ասում ԵՊԲՀ ռեկտորը, նախարարը դրական պատասխան տվեց: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում փորձելո՞ւ է գնալ իրավական ճանապարհով և պատասխան պահանջել զրպարտության համար:

«Բոլոր զրպարտություններով եթե զբաղվենք, ուրիշ ոչ մի բանով չենք զբաղվի»,- պատասխանեց Թորոսյանը:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի գրառմանը, թե Արմեն Մուրադյանը նոր Հայաստանի լավագույն կադրերից է, Թորոսյանը նշեց.

«Ազատ երկիր է, ինչ ուզել՝ արել է»:

Նախարարին հարցրին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ:

«Բոլորը ձեր հրաժարականն են պահանջում»,- ասաց լրագրողներից մեկը:

«Բոլո՞րը: Չեմ տեսել, ճիշտն ասած, պահանջողներին»,- պատասխանեց նա: