ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը վեր է հանել «Ձորահէկ»-ի սեփականաշնորհման խայտառակ պատմությունը եւ «հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների» առկայություն գտել:

Դատախազությունը պարզել է, որ 2011 թվականին «Ձորահէկ»-ը 3 մլրդ 600 միլիոն դրամով վաճառվել է «Ձորագետ» ՍՊԸ-ին այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը այդ պահին կազում էր 8 մլրդ դրամ:

«Առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ:

Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։

Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ»- արձանագրել է դատախազությունը:

Ուշագրավն այն է, որ «Ձորահէկը» 2001 թվականին տրվել է Պաշտպանության նախարարությանը, եւ այդ ժամանակ նախարարը Սերժ Սարգսյանն էր: Իսկ 2011 թվականին այն վաճառվել է Սարգսյանի փեսայի հետ ակնհայտ կապ ունեցող «Ձորագետ» ընկերությանը:

Այդ կապը տեսանելի է դառնում նրանից, որ «Ձորագետ» ընկերության իրավաբանական հասցեն Երևանի Գ.Նժդեհի 56/2 շինությունն էր: Այդ նույն հասցեում գրանցված էր Սան Մարինոյի գլխավոր հյուպատոսի «նստավայրը»: Իսկ այդ ժամանակ Սան Մարինոյի պատվավոր հյուպատոսը Հայաստանում հենց Միքայել Մինասյանն էր:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com